ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք․ Փաշինյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում ընթանում է Կառավարության և ԱԺ-ի հարցուպատասխանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր խոսքում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ չէ և տապալել է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը։

«Նա տապալել է Արցախի բանակցային գործընթացը, Հայաստանն ու Արցախը տարել է կործանման, խոստացված տնտեսական աճի փոխարեն աճում է աղքատությունը, պետական պարտքը։ Նա չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ։ Իրեն հարգող ցանկացած վարչապետ այսքանից հետո հրաժարական կտար։ Հիմա պատասխան կա՞ այս պահանջին, թե՞ ոչ»,- հարցադրում արեց Արմեն Ռուստամյանը։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին ասաց՝ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, նա է ԱԺ ամբիոնից խոսել մոտալուտ պատերազմի մասին։ «Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով մենք այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը պատերազմով չի լուծի Ղարաբաղյան հարցը։ Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը, որ կարող էի կանգնեցնել պատերազմը, կասեմ հետևյալը՝ ես ԱԺ ամբիոնից ասել եմ ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ։ Ես հիմա այստեղ շատ կարևոր բացահայտում կանեմ։ Արձագանքեք, պարոն Ռուստամյան, ես կշարունակեմ»,- ասաց Փաշինյանը։

Արմեն Ռուստամյանը արձագանքեց Փաշինյանի խոսքին․ «Պարոն Փաշինյան, դուք չեք տիրապետում Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ շարունակվում է։ Եթե Ձեզ թվում է նախկիններին մեղադրելով դուք կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք։ 2018 թվականին մենք բանավեճ ենք ունեցել և ես Ձեզ հարցրել եմ՝ եթե դառնաք վարչապետ պարտավորվում եք իրականացնել այն, ինչ Արցախի ժողովուրդը իր սահմանադրության 175 հոդվածով նախատեսել է։ Դուք ասեցիք՝ այո։ Դրա մասին խոսեք։ Հիմա ինչ կարևոր է ժամանակին ով ինչ է արել, Դուք եք եկել վարչապետ ու պարտավոր էիք այդ կամքը իրականացնել։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Դուք ինքներդ եք հայտարարել, որ չեք տեսնում տեսական հնարավորություն Ղարաբաղը Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետն ունեք, մնում եք վարչապետ որ ի՞նչ անեք, որ Արցախը թողնեք Ադրբեջանի կազմու՞մ»։

Այն պահին, երբ Փաշինյանը պատրաստվում էր ինչ-որ բացահայտումներ անել և պատասխանել ընդդիմադիր պատգամավորին, ընդդիմադիր խորհրդարանականները լքեցին նիստերի դահլիճը՝ չլսելով Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Դրան հետևեց իշխանական պատգամավորների ծափահարությունները և «Նիկոլ վարչապետ» բացականչությունները։ «Ախ, չեք ուզում լսել, բա էդպես ասեք, մենք դրան էինք սպասում։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք։ Կեցցե հայկական ժողովրդավարությունը»։

 

Comments are closed

Latest Comments

No comments to show.