Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ միջնորդությունը բավարարվել է

44-օրյա պատերազմի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Նշենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։

«Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։ Ես քննիչի մոտից եմ դուրս գալիս։ Ըստ քննիչի հայտարարության՝ պլանավորվում է Փաշինյանի հարցաքննությունը, բայց թե երբ դեռ հայտնի չէ։ Քննիչն ինքն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։ Հուսով եմ՝ շուտ կկատարի։ Մենք այսօր ծնողների հետ էլ խորհրդակցություն կունենանք, և օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել կտրուկ և ագրեսիվ միջնորդություն՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավարական գործողություններ կատարելու մասով»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին 27 անձ Դատախազի կողմից ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, ևս 15-ի վերաբերյալ փաստաբաններն են միջնորդություն ներկայկացրել։ «Այսօր 6 անձ հարցաքննվել է։ Պետք է նշեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ գտնվում է մայր քրեական գործը, պարզապես չէր կատարում դատախազի ցուցումները և անգործություն էր ցուցաբերում։ Իսկ նման լիազորություն նրանք չունեն։ Միայն մեկ դեպքում կարող էին չկատարել Դատախազի ցուցումը, եթե դրա դեմ առարկություն ներկայացված լինի։ Մեր տեղեկություններով, Կոմիտեն առարկություն չի ներկայացրել Գլխավոր դատախազի ցուցումների վերաբերյալ, բայց նաև չէր կատարում դրանք»,- ասաց տուժողների ներկայացուցիչը։

Նույն քրեական գործով Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը դեռևս ընթացքի մեջ է, այս ամսով որևէ նոր բան չկա։

Comments are closed

Latest Comments

No comments to show.